Լիլիթ Մակունցը հերքում է, գերատեսչությունների ղեկավարներին պարբերաբար ԱԺ հրավիրելու հանձնարարություն Ն. Փաշինյանից չեն ստացել
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից հանդիպման ժամանակ հետաքրքրվել են, թե վերջին շրջանում ինչու է ՀՀ-ում հանցագործությունների թիվն ավելացել, ինչն է դրան նպաստել, և ինչ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի իրավիճակը շտկվի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ոստիկանապետի հետ հանդիպումից հետո ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Ոստիկանապետը նշեց մի քանի հանգամանք, որոնցից մեկը համաներման հետ կապված էր։ Մյուսը պայմանավորված էր այն հանգամանքով, որ հաղորդում տվողների քանակը Հայաստանում բավական շատացել է։ Ամեն դեպքում մենք ճշտեցինք, թե ինչ միջոցներ է ձեռնարկում Ոստիկանությունը իրավիճակը վերահսկելու համար։ Նա նշեց, որ ամեն ինչ վերահսկելի է, և համագործակցում են տեղեկան ինքնակառավարման մարմինների հետ», - ասաց Մակունցը:
Հարցին, թե հավաստի՞ են տեղեկությունները, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է «Իմ քայլի» պատգամավորներին հանձնարարել պարբերաբար հանդիպման հրավիրել տարբեր գերատեսչությունների ղեկավարներին, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Հերքում եմ, նման բան չկա»։