Կառավարությանը հաջողվել է ապահովել ՀՀ արտաքին և ներքին անվտանգությունը. զեկույց
ՀՀ կառավարությունը 2018թ. «Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին անվտանգության ապահովմանը, Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացմանը» առանձնահատուկ նշանակություն է տվել: Ինչպես հաղորդվում է ՀՀ կառավարության՝ ԱԺ ուղարկված զեկույցում, Կառավարությանը հաջողվել է ապահովել Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին անվտանգությունը։ Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախ-Ադրբեջան շփման գծում արձանագրվել է լարվածության աննախադեպ անկում։ Կառավարությունը ջանքեր է գործադրել զինված ուժերի մարտունակության բարձրացման և Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում Արցախի սուբյեկտության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Իրականացվել են կոնկրետ քայլեր և միջոցառումներ սպառազինության համալրման, արդիականացման և ժամանակակից ռազմական տեխնիկայի (այդ թվում՝ ՍՈւ-30ՍՄ բազմագործառույթ կործանիչների) ձեռքբերման ուղղությամբ։
Երկրում հաստատված ժողովրդավարական կայունությունը նպաստել է իրավապահ համակարգի նկատմամբ հանրային ընկալումների փոփոխմանը և վստահության ամրապնդմանը:
Հավատարիմ մնալով արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձերից խուսափելու սկզբունքին՝ ՀՀ Կառավարությունը քայլեր է ձեռնարկել Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի միջազգային բարձր հեղինակության կապիտալացման, ինչպես նաև տարբեր ուղղություններում ՀՀ արտաքին քաղաքականության ակտիվացման, արդյունավետության բարձրացման ուղղությամբ (այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակրպության 17-րդ գագաթաժողովի անցկացում):