Ավինյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է ալկոհոլային արտադրանքի ՉԺՀ արտահանման ծավալների մեծացման հարցը
Փետրվարի 28-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին:
Կառավարությունից հայտնում են, որ փոխվաչապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ հաստատված արդյունավետ ու փոխշահավետ համագործակցությանը եւ շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ կապերն էլ ավելի զարգացնելու համար:
Զրուցակիցները քննարկել են հայ-չինական առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացման եւ ընդլայնման հարցեր եւ այս առումով կարեւորել հայ-չինական միջակառավարական հանձնաժողովի աշխատանքները, որի հերթական նիստը կանցկացվի մոտ ապագայում: Մանրամասն անդրադարձ է եղել հայկական սննդի արդյունաբերության եւ ալկոհոլային արտադրանքի Չինաստան արտահանման ծավալների մեծացման հնարավորություններին, էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում նոր ծրագրերի իրականացմանը: Զբոսաշրջության եւ բիզնես շրջանակների շփումների խթանման համատեքստում կարեւորվել է երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանին Չինաստանի կողմից տրամադրվող անհատույց պետական օգնության հետ կապված հարցեր: Կողմերն անդրադարձել են նաեւ նոյեմբերին Շանհայ քաղաքում կայանալիք «Չինաստան ներմուծվող ապրանքների 2-րդ միջազգային ցուցահանդես»-ին Հայաստանի հավանական մասնակցության թեմային: