Սուտ է. Դավիթ Սանասարյանը՝ հեմոդիալիզի սարքերի՝ վտանգավոր լինելու մասին (տեսանյութ)
Հեմոդիալիզի շուկան շարունակելու ենք ուսումնասիրել՝ անկախ նրանից՝ ով է ցանկանում, ով չի ցանկանում, անկախ նրանից՝ ում շահն է տրորվում, բայց պետության շահը մենք պետք է պահենք: Այս մասին այսօր՝ փետրվարի 28–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։
Նա մանրամասներ պատմեց հեմոդիալիզի սարքավորումների գնման գործից, որի առնչությամբ չարաշահումների գործով ձերբակալվել են ՊՎԾ երկու պաշտոնյաները։
«Մրցակցային շուկա չի եղել։ Կոնկրետ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սպասարկել է միայն մի կազմակերպություն: Մենք առաջարկություն ենք արել, մեր առաջարկության արդյունքում 8-9 կազմակերպություն մասնակցել է մրցույթին առաջին անգամ։ Առաջին անգամ շուկան բացվել է, մասնակցել են տարբեր ֆիրմաներ»,– ասաց Սանասարյանը։
Սանասարյանը հերքեց տեղեկությունը, թե «Զորաշեն» ՍՊԸ–ի մատակարարած հեմոդիալիզի սարքավորումներում ֆիլտրերի խնդիր կան, որոնք վտանգավոր կարող են լինել հիվանդների առողջության համար. «Չկա նման բան, սուտ է»
«Որ ասում են՝ էդ երկու ֆիրմա ֆիրմաներն են լավագույնը, հիմա հարց եմ տալիս՝ «Արմենիա» ԲԿ-ին, «Էրեբունի» ԲԿ-ին ի՞նչ ֆիրմաներ են սպասարկում: Եթե խնդիր կա, ինչո՞ւ էդ խնդիրը չենք լուծում, ինչո՞ւ ենք թողնում, որ «Արմենիա» ԲԿ-ին այլ կազմակերպություններ սպասարկեն: Ես կրկնում եմ՝ մեր խնդիրը շատ կոնկրետ է: Մեր խնդիրը ոչ թե այս կամ այն ֆիրմայի մատակարարումն է, մենք նման մասնագիտական լիազորությունները չունենք, մեր խնդիրը գնումների մասին օրենքի տառը պահպանելն է, եւ պահպանելու ենք անկախ նրանից՝ ներկա, նախկին որեւիցե պաշտոնյա կամ որեւիցե անձ, բիզնես ցանկանում է, թե չէ»,– ասաց նա:
Նշենք, որ ԱԱԾ–ն նույնպես իր հաղորդագրությունում նշել էր, որ ՊՎԾ պաշտոնյաների միջամտությամբ համապատասխան տեխնիկական բնութագրերի փոփոխման արդյունքում 3 բժշկական հաստատությունների համար սարքավորումների ձեռքբերման մրցույթներն իրականացվել են այդ հաստատությունների իրական կարիքներին չհամապատասխանող տեխնիկական բնութագրերով, ինչի հետեւանքով վտանգի տակ է դրվել մեծ թվով անձանց ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված առողջության պահպանման իրավունքի իրականացումը՝ առաջացնելով ծանր հետեւանքներ: