«Սատկած շանը փայտով չեն խփում». ԵՊՀ ռեկտորը՝ իր նկատմամբ հալածանքների մասին
Իմ սիրուն աչքերի համար չեն ինձ ընտրել ռեկտոր, ես ճանապարհ ունեմ անցած, ռեկտորատում աշխատում եմ 1993 թվականից, բոլոր օղակներով անցել եմ. 5 տարի պրոռեկտոր եմ եղել եւ 13 տարի ռեկտոր: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նիստի օրակարգում ռեկտորին անվստահություն հայտնելու հարցն էր, սակայն այն հետաձգվեց:
«Այսինքն ես ունեմ փորձ, ես պրոֆեսոր եմ, ակադեմիայի թղթակից անդամ եմ, կրթությունը շատ լավ գիտեմ, որպես դասախոս էլ վատ չեմ: Իհարկե, ես կունենամ թերություններ, որովհետեւ համալսարանը շատ դժվար ղեկավարվող հիմնարկ է: Այստեղ կա 3,5 հազար աշխատող եւ 17 հազար ուսանող»,-ասաց ռեկտորը:
Նա պատմեց 19-րդ դարի ամերիկյան համալսարաններից մեկի ռեկտորի հետ կապված մի պատմություն ու ասաց. «Սատկած շանը փայտով չեն խփում: Հիմա ինձ, որ այսպես հալածում են, եթե ես լինել խեղճուկրակ, համալսարանից ինձ հանելը մեկ օրվա գործ էր»: