Եթե հոգաբարձուների խորհուրդը որոշի ինձ ազատել, ես կենթարկվեմ որոշմանը, բայց իմ անելիքը կարող եմ անել. Արամ Սիմոնյան
Ես ինքնակամ հրաժարական չեմ տալու. կարող է հոգաբարձուների խորհուրդը որոշի եւ ինձ ազատի. Այդ ժամանակ ես բնական է, կենթարկվեմ այդ որոշմանը, բայց իմ անելիքը կարող եմ անել: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նիստի օրակարգում ռեկտորին անվստահություն հայտնելու հարցն էր, սակայն այն հետաձգվեց:
«Ես հավատում եմ, որ հոգաբարձուների խորհուրդը ճիշտ որոշում կկայացնի, բայց եթե այդ որոշումը լինի իմ հրաժարականի հետ կապված, ես կենթարկվեմ դրան: Բայց բռնի կերպով գնալ համալսարանից միայն այն բանի համար, որ ինչ-որ մարդիկ դա ցանկանում են, սա անթույլատրելի է: Սա համալսարանական ինքնավարությանը խոշորագույն հարված է: Մեր համալսարանը եւ կոնկրետ ռեկտորը մի շարք միջազգային տարբեր կազմակերպությունների անդամ ենք: Ես արդեն ստանում եմ այդ միջազգային կազմակերպություններից ազդանշաններ: Չեմ ուզում նրանց գրգռել, ասել՝ մեզ պաշտպան կանգնեք, բայց ազդանշաններ եմ ստանում»,-հայտարարեց ռեկտորը:
Նա կոչ արեց չհավատալ, համալսարանը հետամնաց կրթություն ունի. «Բոլոր միջազգային, տարածաշրջանային ռեյտինգներով, այդ թվում թուրքականով մենք տարածաշրջանի լավագույն բուհն ենք, կամ լավագույն եռյակի մեջ ենք մտնում»: