Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերը կառավարության դիմաց էին. Քրգործերը կբացահայտվե՞ն
Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերը այսօր՝ փետրվարի 28-ին, կրկին կառավարության շենքի դիմաց էին։
Նրանք մտահոգություն են հայտնում՝ չնայած ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ առաջիկայում կվերանայվի հինգ աղմկահարույց քրեական գործ՝ բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով, սակայն զինծառայողների մայրերը պնդում են՝ գործը արդար քննել հիմա էլ կարծես թե չի հաջողվելու.
Բանակում խաղաղ պայմաններում մահացած Վալերիկ Մուրադյանի մորը՝ Նանա Մուրադյանին Քննչական կոմիտեում քննիչ ասել է, որ 9 տարի հետո գործը բացահայտելը դժվար է, քանի որ ապացույցները ոչնչացված են. «Քննչական կոմիտեում քննիչը ասում է՝ 9 տարի անցել է, ի սկզբանե հետքերը կորցվել են, իրեղեն ապացույցները ոչնչացվել են, գործը շիլաշփոթ է դարձվել։ 9 տարի հետո ես այս գործը ո՞նց քննեմ»։
Նանա Մուրադյանը պնդում է՝ գործի առաջին քննիչ Ապրեսյանին պետք է քրեական պատասխանատվության ենթարկեն գործը կոծկելու համար։
Նրանց հետ հանդիպեց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, խոստացավ հարցով զբաղվել։