Հայաստանի թատերական գործիչների միությունում քննարկել են թատրոնների օպտիմալացման հարցը
Երեկ Հայաստանի թատերական գործիչների միությունում տեղի է ունեցել հավաք, որին ներկա էին Հայաստանի թատրոնների տնօրեններն ու գեղարվեստական ղեկավարները։ Այս մասին հայտնում են ՀԳԹՄ լրատվական ծառայությունից:
Թատերական գործիչներն իրենց անհանգստությունն են հայտնել ՀՀ մշակույթի նախարարությունում շրջանառվող փաստաթղթի վերաբերյալ, ինչը ենթադրում է մի քանի թատրոնների օպտիմալացում, իսկ որոշ դեպքերում լիկվիդացում։
Թատերական գործիչները համոզված են, որ առանց մասնագիտական քննարկման և վերլուծության անթույլատրելի է որևէ արմատական փոփոխության մասին խոսելը, առավել ևս, դրանք իրականացնելը:
Թատերական գործիչները գտնում են, որ անտրամաբանական էքսպերիմենտների փոխարեն ժամանակն է ընդունել թատերական գործի զարգացմանը խթանող մի շարք օրենքներ՝ մեկենասության և հովանավորության մասին օրենքը, արտոնությունները հարկային դաշտում, օրենսդրական նախաձեռնությունները, որոնք կվերաբերվեն գնումների մասին օրենքին, թատրոնի գործունեության պլանավորման և գանձապետարանում հաշիվներ ունենալու հարցին, որոնց անհրաժեշտությունը վաղուց հասունացել է:
Հայաստանի թատերական գործիչների միությունը պատրաստվում է համապատասխան նամակով դիմել կառավարություն և Ազգային ժողով՝ միաժամանակ հայտնելով նշված խնդիրների քննարկումներին մասնակցելու իր պատրաստակամությունը։