Պտուղ-բանջարեղեն վերամշակողները պետությունից կարող են վերցնել 1.5 մլրդ դրամ գումար. Գեղամ Գևորգյան
«Գյուղատնտեսական ապրանքներ՝ պտուղ-բանջարեղեն վերամշակողները պետությունից կարող են վերցնել 1.5 մլրդ դրամ գումար, 1 տարի ժամեկտով, 3 տոկոս տոկոսադրույքով, որ կարողանան ձեռք բերել, վերամշակել, վաճառել արտադրանքն ու դրանից հետո վերադարձնել գումարը: Գումարն անմիջապես ստանում է ֆերմերը, իսկ պայմանագիրը կնքվում է վերամշակողի հետ», – փետրվարի 28-ին, կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, ներկայացված ծրագրի վերաբերյալ մանրամասնեց գյուղատնտեսության նախարար Գեղամ Գևորգյանը:
Նա հստակեցրեց, որ սա վերամշակող կազմակերպության համար տրվող սուբսիդիա է:
«Մենք գործարարին տալիս ենք էժան ռեսուրս, ինչը հնարավորություն է տալիս ավելի շատ մթերք մթերել, իսկ դա արդեն ֆերմերին է օգուտ», – ասաց նախարարը:
Անդրադառնալով գյուղապահովագրության ծրագրին` նշեց, որ այն փորձնական արդեն ներդրվել է 5 մարզերում, արդեն դասընթացներն սկսվել են, պայմանագրերը կնքվել են, բայց բուն պոլիսների վաճառքը մարտի 1-ից հնարավոր չէ, քանի որ մասնավոր ընկերությունն է սկսում այդ վաճառքը: Արդեն 500 մլն դրամ գումար է ներդրվել ծրագրի համար: Արվել է այնպես, որ ցանկացած շատ պահանջարկի դեպքում դրանք բավարարվեն:
«Մենք մոտ օրերս ասուլիս կհրավիրենք և կտանք Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները», – նշեց նախարարը: