Փրկարարական վարչություններում անցկացվել են կրակային պատրաստության դասընթացներ
Փետրվարի 11-22-ը ԱԻՆ Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության մարտական պատրաստության և ուսուցման կազմակերպման բաժինը ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչություններում (ՄՓՎ) կազմակերպել էր կրակային պատրաստության պարապմունքներ, որոնց մասնակցում էին ՄՓՎ-ների և ենթակա հրշեջ-փրկարարական ջոկատների (ՀՓՋ) թվով 55 փրկարար ծառայության սպաներ: Պարապմունքների անցկացման նպատակն էր կատարելագործել փրկարար ծառայողների կրակային պատրաստության գիտելիքները և զենքի տիրապետման հմտությունները:
Տեսական պարապմունքների ընթացքում մասնակիցները ծանոթացան զենքի կառուցվածքին, մասերի և մեխանիզմների աշխատանքին, մարտավարատեխնիկական բնութագրին, ինչպես նաև զենքի տիրապետման հմտություններին և կիրառմանը տարբեր կրակային դիրքերից:
Տեսական մասին հաջորդեց գործնական մասը, որի ընթացքում մարտական հրաձգության մասնակիցները կատարեցին մի քանի կրակային վարժություններ՝ մոտ, հեռու և հայտնվող թիրախների խոցումով:
Փրկարար ծառայողներից շատերը մարտական հրաձգության ժամանակ գրանցեցին գերազանց արդյունքներ:
Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչություններում նմանատիպ պարապմունքներ անցկացվում էին առաջին անգամ և այսուհետ կրելու են շարունակական բնույթ: