Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար դեռևս հայտ չի ստացվել. մրցութային հանձնաժողովի քարտուղար
Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման մրցույթի համար Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը դեռևս որևէ հայտ չի ստացել։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովի քարտուղար Լևոն Գալստյանը։
Նշենք, որ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության պրոդյուսեր Ռուբեն Շահինյանը aysor.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ պատրաստվում է հայտարարված մրցույթում առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը այսօր ներկայացնել ՀՌԱՀ։
«Դեռևս հայտ չենք ստացել, բայց գուցե կներկայացվի այսօր՝ մեկ ժամվա ընթացքում կամ վաղը՝ աշխատանքային օրվա ընթացքում»,- նշեց Լ․ Գալստյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական էր ներկայացրել։
Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև մարտի 4-ը։