Ուզում եմ՝ բանակում չծառայելն իրապես լինի անհնար, բանակում ծառայելը՝ պատվաբեր․ Անդրանիկ Քոչարյան. (տեսանյութ)
Սահմանված կարգի խախտմամբ զինծառայությունից խուսափելու հետ կապված օրինագիծն ամեն տարի «ռեստարտ» անելով՝ մենք հնարավորություն ենք տալիս, որ շատերը մտածեն, որ կարող են գնալ Հայաստանից, խուսափել պարտադիր զինծառայությունից, հետո օգտվել այս հնարավորությունից:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծին: Ըստ նրա՝ ժամանակն է խնդրին ամբողջական լուծում գտնելու։
«Ներքևում շատերը կմտածեն, որ կարող են դուրս գալ Հայաստանից, գտնել սողանցքներ, խուսափեն բանակից ու այս հնարավորությունից օգտվեն: Ես ուզում եմ, որ այնպիսի իրավիճակ ունենանք մեր անվտանգության համակարգում, որ բանակում չծառայելը իրապես լինի անհնար, պատվաբեր պետք է լինի ծառայելը: Մեր քաղաքացիները տղա երեխան չծնված չպետք է մտածեն երեխային երկրից հանելու մասին։
Գիտեք չէ՞, որ շատերը գնում են, ԱՄՆ-ում ծննդաբերեն, որ երեխան դառնա ԱՄՆ քաղաքացի, բայց ես կուզեի, որ առաջին հերթին այնպիսի հեղինակություն ունենա մեր երկիրը, որ տղա երեխան ծառայի իր երկրի զինված ուժերում: Լուծումը միասին կգտնենք, այս պահին որևէ դեղատոմս ես չունեմ»,- ասաց նա։