Ամենայն Հայոց կաթողիկոսը և Կանադայի ԶՈւ հոգևոր առաջնորդը քննարկել են հայոց բանակի հոգևոր առաջնորդության գործունեությունը
Փետրվարի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ճանաչողական այցով Հայաստան ժամանած Կանադայի ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գիյ վարդապետ Չափտլեյնիին՝ ուղեկցությամբ Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ողջունել է երկու երկրների Զինված ուժերի հոգևոր առաջնորդների փոխգործակցությունը՝ այն կարևոր և օգտակար նկատելով փորձի փոխանակման և բանակում հոգևորականների ծառայությունն առավել արդյունավետ դարձնելու տեսանկյունից:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև անդրադարձ է կատարել Հայոց բանակի հոգևոր առաջնորդության գործունեությանը և եկեղեցականների ծառայությանը` ընդգծելով, որ այն կարևոր դերակատարություն ունի: Նորին Սրբությունը փաստել է, որ հայ ժողովրդի պատմության ընթացքում Հայ Եկեղեցին ու նրա սպասավորները մշտապես կանգնած են եղել հայ զինվորականի կողքին՝ միասնաբար պայքարելով հայ ժողովրդի ազատության և հայոց անկախ պետականության կերտման ու պաշտպանության համար:
Կանադայի ԶՈՒ առաջնորդը ևս իր այցը Հայաստան լավագույն առիթ է նկատել Հայոց բանակի հոգևոր առաջնորդության հետ կիսվելու զորամասերում հոգևոր ծառայության իրականացման փորձով և ոլորտին առնչվող համապատասխան գիտելիքներով: Վարդապետ Չափտլեյնին ևս կարևորել է հոգևորականի՝ զինվարականի կողքին լինելը, հատկապես դժվարին պայմաններում:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, օրհնելով Կանադայի ԶՈՒ հոգևոր առաջնորդին, նրան մաղթել է Աստծո օգնականությունը սրբազան և պատասխանատու առաքելության մեջ: