Քաղաքական մեծամասնությունը պետք է հասկանա, որ ժողովուրդը տեսնում է իր որոշումները. Գևորգ Պետրոսյան
Արհմիություններից զանգվածային արտահոսք է սկսվել, որովհետեւ այլեւս չեն վստահում Արհեստագործական միություններին: Սյս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով իրենց կողմից ներկայացրած «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծին:
Դիտարկմանը, որ կառավարությունը բացասական եզարակացություն է տվել այս օրինագծին, որով առաջարկվում է, որ «արհեստակցական կազմակերպության մասնակիցներ (անդամներ) կարող են լինել նաեւ տնտեսության տարբեր ճյուղերում միեւնույն կամ տարբեր գործունեություն իրականացնող գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները», Գեւորգ Պետրոսյանը նշեց, որ դա չի խանգարում ԱԺ հանձնաժողովին դրական եզրակացություն տալ օրինագծին եւ մտցնել ԱԺ լիագումար նիստի օրակարգ:
«Եթե հարցին մոտենանք, որ ընդամենը քաղաքական մեծամասնություն է, ինչ ուզի, կարող է անել, ցանկացած որոշում կարող է կայացնել, բայց քաղաքական մեծամասնությունը պետք է հասկանա, որ ժողովուրդը տեսնում է այս որոշումը եւ ժողովուրդը կգնահատի, թե քաղաքականմեծամասնության որոշումը որքանով է բխում իր իրավունքների օրինական շահերի պաշտպանության հեռանկարից»,-ասաց պատգամավորը: