Սամվել Բաբայանը նոր է իմացել, որ իրեն զրկել են ԼՂ քաղաքացիությունից. «Ազատություն»
«Ազատություն» ռադիոկայանը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը դիմում է դատարան՝ Լեռնային Ղարաբաղի իր քաղաքացիությունը վերականգնելու հարցով:
«Ինձ զրկել են Ղարաբաղի քաղաքացիությունից, այն դեպքում, երբ ես որևիցե անգամ ո՛չ դիմում եմ գրել, ո՛չ դրա մասին հայտարարել եմ: Այդ հարցով դատարան ենք մտնում՝ դիմում, որ վերականգնեն: Որովհետև դա հակասում է իրենց իսկ Սահմանադրությանը, որովհետև այնտեղ հստակ գրված է՝ որևիցե մեկը, անգամ դիմումի համաձայն, իրավունք չունի ինձ զրկել քաղաքացիությունից: Իրենք իրավունք չունեին ո՛չ զրկեին, որ նման հարց քննեին»,-ասել է Բաբայանը:
Ըստ լրատվամիջոցի՝ Բաբայանը, միայն երեկ է իմացել, որ դեռ տարիներ առաջ՝ 2006 թվականին, իրեն զրկել էն Արցախի քաղաքացիությունից:
Սամվել Բաբայանի խոսքով` Ղարաբաղի իշխանությունները ապօրինի որոշում են կայացրել, փորձելով խոչընդոտել սահմանադրական փոփոխություններ իրականացնելու նպատակով ստորագրահավաք իրականացնելու իր նախաձեռնությունը: Սամվել Բաբայանն այս պահին Ղարաբաղում է և անձամբ զբաղվում է այս խնդրով: