4-րդ օրն է Վերին Գետաշենում բողոքի ակցիաներ են․ գյուղացիները փոխհատուցում են պահաջում ՀԷԿ-ից անջրդի հողերի համար
Գեղարքունիքի Վերին Գետաշենում արդեն 4-րդ օրն է բողոքի ակցիաներ են տեղի ունենում գյուղի տարածքում կառուցվող ՀԷԿ-ի դեմ։ Այս մասին ասաց Վերին Գետաշենի համայնքապետ Տիգրան Մուրադյանը։
«Գյուղացիները պահանջում են ՀԷԿ-ից որոշակի փոխհատուցում համայնքի զարգացման համար, քանի որ ՀԷԿ-ի գործունեությունից հետո ահագին տարածքներ մնացել են անջրդի, գետի էկոհամակարգը խաթարված է, ձկնապաշարը վերացել է։ Գյուղացիները պահանջում են կամ այս խնդիրների լուծում, կամ փոխհատուցում, արդեն 4-րդ օրն է, բողոքի ակցիաներ են անցկացնում։ Ես հանդիպել եմ ՀԷԿ-ի տնօրինության հետ, ոչ մի դրական արձագանք չի եղել։ Այսօր էլ գյուղացիները արդեն այլ քայլերի են դիմել, բարձրացել են, գետի հունն են ցանկանում փոխել, որ խողովակաշարով ջուր չհոսի դեպի ՀԷԿ»,-ասաց գյուղապետը՝ նշելով, որ չգիտի, թե ՀԷԿ-ի սեփականատերը ով է։
Գյուղապետը նշեց, որ ինքը դիմել է նաեւ Գեղարքունիքի մարզպետին եւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին, դեռ պատասխան չի ստացել։
Տիգրան Մուրադյանի խոսքով՝ ակցիաներին մասնակցում են 100-ից ավելի գյուղացիներ։