Անհապաղ պաշտպանության կարիք ունեցող Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է 5-ով
2019 թ. փետրվարի 21-ին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը:
«Հայաստանի Հանրապետության` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ
նյութական մշակութային ժառանգության ցանկերի գրանցման ու կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011 թվականի
հունվարի 20-ի N 36-Ն որոշմամբ:
Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ ներկա որոշմամբ Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկը համալրվել է, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական
մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Հայաստանի
Հանրապետության՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքի
դրույթներով:
Սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված է 7 տարրերից` «Կարոս խաչ» վիպերգ, «Լարախաղացություն (փահլևանի խաղեր)», «Վիճակի երգեր», «Ավետիս», «Խաչբուռ», «Ասեղնագործություն», «Բարեկենդան», համալրվել է ևս 5-ով: Դրանք են՝ «Որդան կարմիր. հայկական որդանին առնչվող ավանդական գիտելիքներ, հմտություններ և փորձառություն», «Գյումրվա կլկլան (մուշուրբա)», «Ստվերների տիկնիկային թատրոն», «Պարկապզուկ (տիկ)», «Կոխ ըմբշամարտ» արժեքները:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային
ժառանգության արժեքների ցանկերում գրանցված տարրերը ՅՈՒՆԵՍԿՕ են
ներկայացվում ՀՀ մշակույթի նախարարին կից ոչ նյութական մշակութային
ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդում քննարկվելուց և ՀՀ Արտաքին
գործերի նախարարության ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի
հավանությանն արԺանանալուց հետո միայն: