ՀԱԿ-ը ողջունում է մարտի 1-ին հզոր երթ անցկացնելու վարչապետի նախաձեռնությունը
Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հայտարարում է, որ «ողջունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մարտի 1-ի ոճրագործության 11-րդ տարելիցին նվիրված հզոր երթ անցկացնելու նախաձեռնությունը»:
«Կոնգրեսն այն դիտում է որպես արդարության վերականգնման ուղղությամբ
համապարփակ գործընթացի ազդարարումը պետական մակարդակով: Մենք վստահ ենք, որայս նախաձեռնությամբ իշխանությունը սկսում է նոր քննություն կատարել բոլոր
գործերով, որոնցով ոտնահարվել են մարդու իրավունքները, պատասխանատվության
կանչել մարտի 1-ի ոճրագործության բոլոր կազմակերպիչներին և կատարողներին,
փոխհատուցում տրամադրել մարտիմեկյան իրադարձությունների բոլոր զոհերի
իրավահաջորդներին և մարմնական վնասվածքներ ստացած անձանց, Մյասնիկյանի
արձանին հարող տարածքում տեղադրել ոճրագործության զոհերին նվիրված
հուշարձան, մարտի 1-ը օրենքով սահմանել որպես «2008թ.-ի մարտի 1-ի զոհերի
հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի
օր»՝ նախատեսելով նաև հիշատակի օրվան նվիրված հրապարակային միջոցառումներ», - ասված է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցության հայտարարությունում, որ տարածել է ՀԱԿ գրասենյակը:
Կարևորելով Փաշինյանի այս քայլը՝ Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում բոլորին ամենաակտիվ կերպով մասնակցել հրավիրված երթին:
2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի
Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց
բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների
դեմ:
Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և
դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների
հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:
Մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 11-րդ տարելիցը քաղաքացիական
հզոր երթով նշանավորելու իր նախաձեռնության մասին Հայաստանի վարչապետը
հայտարարեց այսօր առավոտյան՝ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ: