ԵՄ երկրները սատարում են Google-ին և Facebook-ին ուղղված հեղինակային իրավունքի բարեփոխումները
Եվրոպական միության երկրները հավանության են արժանացրել հեղինակային իրավունքի վերանայումը, որը կստիպի Google-ին եւ Facebook-ին վճարել հրատարակիչներին նորությունների հատվածների համար եւ ֆիլտրել հեղինակային իրավունքով պաշտպանված կոնտենտը YouTube-ում կամ Instagram-ում՝ հայտնում է Reuters-ը։
ԵՄ դիվանագետների մեծամասնությունը համաձայնել է, որ իրավունքները պետք է վերանայվեն՝ այն դեպքում, երբ Ֆինլանդիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները եւ Լեհաստանը հրաժարվել են սատարել առաջարկությունը, իսկ ԵՄ երկու անդամներ էլ ձեռնպահ են մնացել։
Բանակցությունների մասնակցները՝ ԵՄ երկրներից, Եվրախորհրդարանից եւ Եվրահանձնաժողովից, անցյալ շաբաթ համաձայնության են եկել, որպեսզի պաշտպանեն ԵՄ մշակութային ժառանգությունը եւ ապահովեն հրատարակիչների, հեռարձակողների եւ արտիստների արդար փոխհատուցումը։
Այն երկրները, որոնք համաձայն չեն այս ծրագրի հետ, հայտարարել են, որ առաջարկվող փոփոխությունները կարող են խանգարել ինովացիաներին եւ խափանել թվային շուկայում ԵՄ մրցունակությունը։
Այս գործընթացում հաջորդ քայլը եկող շաբաթ օրենսդիրների հանձնաժողովի քվեարկությունն է, որին կհետեւի մյուս ամիս կամ ապրիլի սկզբին խորհրդարանական քվեարկությունը։
Փոփոխությունները պահանջում են, որպեսզի Google-ը եւ մյուս առցանց հարթակները լիցենզիայի պայմանագրեր կնքեն իրավատերերի՝ երժիշտների, կատարողների, հեղինակների, լրատվության հրատարակիչների, լրագրողների հետ, որպեսզի նրանց աշխատանքները կարողանան օգտագործել համացանցում։
Google-ը, YouTube-ը, Facebook-ը, Instagram-ը եւ այլ հարթակներ պետք է ներբեռնման ֆիլտրեր դնեն, որպեսզի օգտատերերը չկարողանան հեղինակային իրավունքով պաշտպանված նյութեր ներբեռնել։