Վլադիմիր Պուտինն ընդունել է, որ ԱՄՆ-ի հետ հրթիռների պայմանագիրը կորցրել է արդիականությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջին և փոքր հեռահարության հրթիռների պայմանագիրը կորցրել է իր արդիականությունը:
«Այդ պայմանագրի կնքումից հետո անցել է 32 տարի, այդ ընթացքում լուրջ փոփոխություններ են եղել աշխարհում: Շատ երկրներ զարգացրել ու շարունակում են զարգացնել այդ սպառազինությունը, իսկ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը՝ ոչ: Մենք մեր կամքով, մեր իսկ առջև սահմանափակումներ ենք դրել: Եվ այս իրավիճակը իհարկե բազմաթիվ խնդիրներ է հարուցում: Մեր ամերիկացի գործընկերները պետք է հենց այդպես էլ ասեին, պետք է անկեղծ լինեին և պայմանագրից դուրս գալու համար շինծու ու միակողմանի մեղադրանքներ չուղղեին Ռուսաստանի հասցեին»,- նշել է Պուտինը:
Նա նաև հիշեցրել է, որ ամերիկյան կողմը ցուցադրաբար խախտել է համաձասյնագիրը, երբ հրթիռներ է տեղադրել Ռումինիայում և Լեհաստանում:
«Ես խոսում եմ այդ մասին միայն նրա համար, որ ստիպված ենք պատասխանել ամերիկյան մեղադրանքներին: Ռումինիայում և Լեհաստանում տեղադրված որոշ հրթիռներ ընդամենը 12 րոպեում կարող են Մոսկվա հասնել: Եվ մենք ստիպված ենք հայելային պատասխան տալ: Մենք սպառազինություն ենք տեղաբաշխելու նաև այն տարածքների դեմ, որտեղ կայացվում են նման որոշումները: Մենք դա կանենք այն պահից սկսած, երբ սպառնալիքները դառնան իրական»,- եզրափակել է միտքը ՌԴ նախագահը: