Ես ունեմ առաքելություն՝ Հայաստանը դարձնել գիտական ու տեխնոլոգիական երկիր․ նախագահ Սարգսյանը՝ Հայդելբերգի համալսարանում (տեսանյութ)
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիա աշխատանքային այցի շրջանակում այցելել է Հայդելբերգի համալսարան․ այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախագահը հանդիպել է համալսարանի ռեկտոր Բերնհարդ Այթելի հետ, ծանոթացել
բուհի իրականացրած կրթական ծրագրերին, քննարկել հայաստանյան կրթական
հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները։ Հայդելբերգի
համալսարանի գրադարանում ծանոթանալով այնտեղ պահվող միջնադարյան գրքերին,
դրանց պահպանման աշխատանքներին՝ Արմեն Սարգսյանը ներկայացրել է Երևանի
«Մատենադարան» հնագույն ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հարուստ
գործունեությունն ու փորձը և ընդգծել, որ երկու կառույցները համատեղ կարևոր
ծրագրեր կարող են իրականացնել։
Օրվա ավարտին Հայաստանի նախագահը ելույթ է ունեցել համալսարանի
ուսանողների և դասախոսների առաջ, խոսել է ժամանակակից աշխարհի միտումների,
նոր աշխարհում տեխնոլոգիական զարգացման, նորարարության կարևորության մասին։