ԱԳ նախարար Մնացականյանը և սենատոր Մենենդեսը կարևորել են ազգային և կրոնական փոքրամասնությունների պաշտպանությունը
Այսօր՝ փետրվարի 15-ին, Մյունխենում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին: Այս մասին տեղեկանում է ԱԳՆ լրատվության վարչությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ամերիկյան գործընկերությանն առնչվող մի շարք հարցեր՝ այդ համատեքստում կարևորելով ԱՄՆ հայ համայնքի դերակատարումը։
Զրուցակցի խնդրանքով ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ առաջիկա առաջնահերթությունն է բարձր տեխնոլոգիաների և նորարարության առաջընթացի հիման վրա տնտեսական զարգացման ապահովումը։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք խնդիրների շուրջ, կարևորեցին Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական փոքրամասնությունների պաշտպանությունը: