Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարին (տեսանյութ)
Փետրվարի 15-ին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում կայացավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Հասան Շուքրիի հետ:
Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը և սերտացումը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում:
Զոհրաբ Մնացականյանը և Սամեհ Հասան Շուքրին բարձր գնահատեցին ավանդական
բարեկամական կապերի վրա հիմնված հայ-եգիպտական հարաբերությունները և
ընդգծեցին փոխադարձ պատրաստակամությունը համատեղ ջանքեր գործադրելու
երկկողմ օրակարգի առավել հարստացման, քաղաքական երկխոսության ակտիվացման,
առևտրատնտեսական փոխգործակցության խթանման ուղղությամբ: Այս առումով
զրուցակիցները կարևորեցին բարձրաստիճան փոխայցերի իրականացումը, ինչպես նաև
տնտեսական հարցերով հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը:
ԱԳ նախարարներն առանձնահատուկ շեշտեցին հարուստ պատմություն և ուրույն
դերակատարություն ունեցող եգիպտահայ համայնքի կարևորությունը և կամրջող
դերակատարությունը երկու երկրների հարաբերություններում:
Ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումերը՝
Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ կառավարության առաջնահերթություններից է
նորարարության և բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսության զարգացման
համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Այս համատեքստում նախարար
Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց հոկտեմբերին Երևանում կայանալիք
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի նախապատրաստական
աշխատանքները:
Կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ հարցերի շուրջ:
Նախարար Մնացականյանը եգիպտացի գործընկերոջը ներկայացրեց Լեռնային
Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ Հայաստանի մոտեցումներն
ու սկզբունքային դիրքորոշումը։