Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննությունը հետաձգվել է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում
այսօր մեկնարկեց, սակայն այնուհետև հետաձգվեց ԱԺ նախկին պատգամավոր,
գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ
միջնորդության քննությունը։
Այս մասին ասաց Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը:«Քննիչը չէր ներկայացել դատական նիստին: Ասել էր` դատական նիստը հետաձգվի, ծանրաբեռված է այլ գործերով, այդ պատճառով նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 26-ը»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ պաշտպանական կողմը միջնորդել է շուրջ 20 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակել Գրիգորյանին:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Նա կալանավորվել է այս տարվա հունիսին:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվել էր: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-182-րդ հոդվածի 3-րդմասի 2-րդ կետով: