Հանցավորության մակարդակի որոշակի խնդիրներ ունենք․ համաներմամբ ազատվածները նորից ձերբակալվում են․ Փաշինյան
«Մենք այսօր, ցավոք սրտի, հանցավորության մակարդակի առումով որոշակի խնդիրներ ունենք, և մենք խնդիր ունենք հանցավորության մակարդակն իջեցնելու։ Եվ հիմա նաև ունենք էդպիսի տրամաբանություն, երբ համաներմամբ ազատ արձակված անձինք նորից ձերբակալվում են, բռնվում են նույնատիպ հանցանք կատարելու համար», – կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդհանուր կարծիք հայտնեց, որ այս ոլորտում համահարթեցնող գործողություններ չպետք է արվեն․ այն խնդիրը, որ լուծվում է համաներմամբ, պետք է լուծվի պայմանական վաղակետ ազատ արձակման մեխանիզմը գործարկելու միջոցով։
«… Որովհետև էս համահարթեցնող տրամաբանությունը վերաբերում է կամ բոլորին, կամ խմբերին, առանց անհատականացման։ Իսկ պայմանական վաղակետ ազատման մեխանիզմն ինքը շատ կոնկրետ … գործ ունես կոնկրետ մարդու հետ, և հնարավորություն կա գնահատելու կոնկրետ մարդու հնարավոր վարքագիծն ազատության մեջ հայտնվելուց հետո, և դա դարձնում է որոշումներն առավել հասցեական և առավել գիտակցված», – ասաց վարչապետը։