Հայաստանն ու Ադրբեջանն առաջ են քաշում իրար հակասող պահանջներ և գրեթե պատերազմի շեմին են․ Թոմաս դե Վաալ
«Թեժ գիծը, արտգործնախարարների մի քանի հանդիպումները և հռետորաբանության փոքր-ինչ թուլացումը դրական են, բայց մենք պետք է ազնիվ լինենք և ասենք՝ մենք սկսում ենք շատ-շատ ցածր մակարդակից, որտեղ երկու երկիր գրեթե պատերազմի շեմին են, առաջ են քաշում միմյանց լիովին հակասող պահանջներ»,- Արցախյան հակամարտությանը նման բնորոշում է տվել հարավկովկասյան տարածաշրջանի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը։
Նա հիշեցրել է, որ երկու բանակների միջև լարվածությունը բավական նվազել է՝ հիշատակելով 2018 թվականին շփման գծում մարդկային կորուստների ցածր քանակը։ Նրա խոսքերով, սակայն, սա բավարար չէ։
«Տեղի է ունենում այն, որ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են Փաշինյանին որոշակի տարածություն տալ (քանի որ կարծում են, որ նա լեգիտիմ առաջնորդ է) Երևանի կողմից որոշակի փոխզիջումներ ստանալու համար, ուստի նրանք շատ խելամիտ են գործում»,- ասել է փորձագետը։
Նրա կարծիքով՝ համաձայն հնարավոր խաղաղության համաձայնագրի՝ հայկական կողմը պետք է սկսի հրաժարվել նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող և հայկական վերահսկողության տակ գտնվող 7 շրջաններից մի քանիսից:
«Դա պետք է տեղի ունենա, բայց ադրբեջանական կողմը չափազանց լավատեսական է գնահատում դրա հնարավորությունը: Հայաստանի առաջնորդի համար դժվար է հրաժարվել այդ տարածքներից, որոնք զբաղեցնում են ավելի քան 20 տարի»,- պնդում է դե Վաալը։