Հայաստան վերադարձած սիրիահայ փախստականներին բախտը հայրենիքում էլ չի ժպտում. «Ալ-Ջազիրայի» անդրադարձը ոսկերիչների գործունեությանը
Արաբական հեղինակավոր «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության կայքում հոդված է հրապարակվել Սիրիայից Հայաստան վերադարձած ոսկերիչների մասին:
Հոդվածում, մասնավորապես, անդրադարձ է կատարվում Սիրիայում քաղաքացիական
պատերազմից փախչելով հայրենիք վերադարձած սիրիահայերին, որոնց մեծամասնությունը ոսկերիչներ են: Ըստ հոդվածագրի՝ նրանց բախտը հայրենիքում էլ առանձնապես չի ժպտում: Ինչպես նշվում է, հայրենադարձների թիվը գերազանցում է 22 000-ը:
«Հայաստանի թույլ տնտեսությունը, աշխատանքի տեղավորվելու հնարավորությունների բացակայությունը, ցածր աշխատավարձը և բնակարանի բարձր վարձը կյանքը բարդացնում են սիրիահայերի համար: Սիրիայից եկած ոսկերիչներից ոմանք ստիպված են եղել թողնել իրենց մասնագիտությունը և զբաղվել նրանով, ինչ եկամուտ է բերում»,- ասվում է հոդվածում: Հոդվածում ներկայացվում են նաև ոսկերիչներից մի քանիսի հետ զրույցները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ալ-Ջազիրան» 25 րոպե տևողությամբ ֆիլմ էր ներկայացրել Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: