Վիզային ռեժիմների ազատականացումը և օդային տրանսպորտի գների նվազեցումը կառավարության ծրագրում են
«Կառավարությունը կարևոր է համարում նաև Հայաստան մուտքի վիզային ռեժիմների ազատականացմանը և օդային տրանսպորտի գների նվազեցմանն ուղղված հարցերի կարգավորումը»,- այս մասին ասվում է ՀՀ կառավարության ծրագրի նախագծի՝ զբոսաշրջությանը վերաբերող հատվածում։
Այսօր հրապարակված այդ փաստաթղթում նշվում է, որ Հայաստանում առկա է
զբոսաշրջության զարգացման զգալի ներուժ և հեռանկար, և զբոսաշրջության զարգացումը բացառիկ հնարավորություն է փոքր և միջին բիզնեսի զարգացման համար։
«Այս առումով Կառավարության անելիքը շատ հստակ է. զբոսաշրջիկների համար անհրաժեշտ է ապահովել անհրաժեշտ ենթակառուցվածքներ և սպասարկման բարձր մակարդակ։ Զբոսաշրջիկների համար տեղանքների և տրանսպորտային ուղիների հասանելիությունը բարձրացնելու նպատակով կարևորվելու է օտար լեզուներով ուղեցույցներով, համապատասխան փողոցային և զբոսաշրջային վայրերում նշաններով կահավորումը»,- նշվում է ծրագրում։
Փաստաթղթի համաձայն՝ համաշխարհային շուկայում Հայաստանը թիրախավորված
դիրքավորելու և համապատասխան հետաքրքրություններ ունեցող զբոսաշրջիկների
համար երկիրն առավել գրավիչ դարձնելու նպատակով պետք է առանձնացվեն
զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող ենթաճյուղեր․
- էկոտուրիզմ,
- գաստրոտուրիզմ,
- էքստրիմ տուրիզմ,
- էթնո տուրիզմ։