Տավուշի մարզի թիվ մեկ խնդիրը տնտեսական ակտիվացումն է. Տավուշի մարզպետ
«Տավուշի մարզի թիվ մեկ խնդիրը տնտեսական ակտիվացումն է, և մենք այն բարձրացնելու համար պետք է առաջին հերթին հենվենք մարդու վրա` որպես ամենամեծ արժեքի: Պետք է Տավուշում ապրող յուրքանչյուր քաղաքացի իր հնարավորությունները հնարավորինս ռեալիզացնի իր բարեկեցության, իր համայնքի ու ընտանիքի բարեկեցության համար»,- այս մասին կառավարության նիստից հետո ասել է Տավուշի մարզի նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանը:
Մարզպետը նշում է, որ շատ ակտիվ պետք է աշխատեն, որպեսզի բարենպաստ միջավայր ստեղծեն ոչ միայն Հայաստանի քաղաքացու, այլև արտասահմանցի ներդրողների համար:
Հայկ Չոբանյանը կարծում է, որ սահմանամերձ շրջաններում ներդրումների և հարկերի արտոնությունների մասին ասվում է, բայց այնքան էլ էֆեկտիվ չի ներկայացվում այդ արտոնությունների էությունը:
«Մենք ունենք մի քանի հաջողված օրինակներ, բայց դա պետք է լինի մասսայական շարժում: Այսօրվանից մենք սկսում ենք մասսայական շարժումը դեպի սահմանամերձ բնակավայրեր՝ օգտվելով օրենքով նախատեսված հարկային արտոնություններից»,- ասել է Հայկ Չոբանյանը: