Հայաստանի դեսպան Ղևոնդյանը հանդիպել է ԵՏՄ դատարանի դատավորների հետ
Փետրվարի 4-ին Եվրասիական տնտեսական միության դատարանում կայացել է Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը ԵԱՏՄ դատարանի դատավորների հետ։
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը դատարանի նախագահ Ժալիմբետ Բաիշևը (Жолымбет Баишев) ներկայացրեց դատարանի կազմավորման պատմությունը, նրա լիազորություններն ու անցյալ տարվա արդյունքները։ Դատարանի նախագահը կարեւորեց Հայաստանի ներդրումը Եվրասիական ինտեգրացիոն միավորման զարգացման գործում՝ այս համատեքստում ընդգծելով հայաստանյան կողմի առարկայական առաջարկություններն ու Հայաստանի համագործակցությունը այլ երկրների եւ կառույցների հետ՝ նշելով համադրելիության սկզբունքի ապահովումը։
Հայաստանի դեսպանն իր հերթին հանդիպման մասնակիցների ուշադրությունը հրավիրեց ԵՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնայնությունների վրա, որոնք արտացոլված են Հայաստանի Հանրապետության վարչապետ, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանի՝ ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարներին հասցեագրված ուղերձում։
Արմեն Ղեւոնդյանի կողմից նաեւ նշվեց, որ անդամ պետությունների ջանքերի հետեւողական համադրումը ԵՏՄ մասին Պայմանագրի համար հոբելյանական տարում, այդ թվում նաեւ Հայաստանի կողմից ներկայացված առաջնայնությունների առաջմղման հարցում, կնպաստի ԵԱՏՄ զարգացմանը՝ ի շահ Պայմանագրում ամրագրված նպատակների իրականացման։
Այս համատեքստում երկուստեք ընդգծվեց ԵՏՄ դատարանի առաքելության կարեւորությունը։