Ընթանում են քննարկումներ՝ ՌԴ-ում արգելափակված հայկական կայքէջերի առնչությամբ. ՌԴ-ում Հայաստանի դեսպանություն
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը հայտնել է, որ ընթանում են քննարկումներ՝ ՌԴ-ում արգելափակված հայկական կայքէջերի առնչությամբ.
«Տեղեկացնում ենք, որ ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը դիմել են մի քանի հայաստանյան լրատվամիջոցներ՝ ՌԴ տարածքում իրենց կայքէջերի արգելափակման հարցի առնչությամբ։ Նամակ-դիմումներ են ստացվել նաև որոշ մասնագիտացված կառույցներից։
Հայտնում ենք, որ նշյալ հարցը դեսպանության ուշադրության կենտրոնում է։ Այս առնչությամբ դեսպանությունը դիմել է Ռուսաստանի Դաշնության Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայություն («ՌՈՍԿՈՄՆԱԴԶՈՐ»), ինչպես նաև խորհրդակցական բնույթի զրույցներ ունեցել ոլորտի մասնագետների հետ։
Այս ուղղությամբ ընթացող հանդիպումների արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ։
Հավելենք, որ որոշ կայքերի հանդեպ արգելափակումը արդեն իսկ չեղարկվել է։ Ընթանում են նաև քննարկումներ արգելափակված մյուս կայքէջերի առնչությամբ, գործընթացը կրում է նաև տեխնիկական բնույթ»: