Փաշինյանը Մերկելի հետ քննարկել է նաև Արցախյան հակամարտության հարցը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է երկկողմ համագործակցության ու մասնավորապես տնտեսական համագործակցության թեման։ Արձանագրվել է, որ գերմանական կապիտալի ներգրավմամբ մի քանի ներդրումային կարևոր ծրագիր է իրականացվում Հայաստանում։ Այս մասին հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
Մերկելի հետ համատեղ ասուլիսին Փաշինյանը հույս հայտնեց, որ գերմանական կապիտալով նոր նախագծերը Հայաստանում կավելանան՝ ներդրումների համար հարմար միջավայրի ստեղծմանը զուգընթաց։
Հայաստանի վարչապետի խոսքով՝ քննարկվել են նաև միջազգային ու նաև տարածաշրջանային հարցեր, ու ըստ Փաշինյանի՝ կողմերը նման մոտեցումներ են ունեցել քննարկված հարցերում։ Փաշինյանի խոսքով՝ կարևոր է խաղաղության ու անվտանգության հարցը, սակայն այն պետք է հիմնվի բազմակողմ ջանքերի վրա։
«Մենք խոսել ենք նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, և այս արձանագրումը նույնպես այդ համատեքստում արվել է, որ պետք է լինի գործընթացը երկկողմանի, և չի կարող այդ գործընթացը տեղի ունենալ միակողմանիության տրամաբանության մեջ։
Եվ, ըստ էության, կարող ենք արձանագրել, որ այս պահին գոնե ես բավարարված եմ մեր քննարկումների արդյունքներից, բանակցությունների արդյունքներից։ Եվ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունների հետագա զարգացման համար ոչ միայն խոչընդոտներ չկան, այլև կարծես կա փոխադարձ հետաքրքրություն՝ այդ հարաբերություններին նոր ազդակ, նոր ուժ, նոր թափ հաղորդել։ Եվ ես համոզված եմ, որ այդպես էլ կլինի»,- ասել է Փաշինյանը։