Հայաստան-Գերմանիա հարաբերությունները դինամիկ զարգացում են ստանում․ Փաշինյան
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Հայաստան այցից ամիսներ անց հիմա էլ Հայաստանի վարչապետն է այցելում Գերմանիա։ Այս մասին հիշեցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում ընթացող ասուլիսի ընթացքում ասաց, որ երկու կողմերի հարաբերությունները բավական լավ, դինամիկ զարգացում են ստանում։
Փաշինյանը նշեց, որ այս ընթացքում փոփոխություններ են եղել Հայաստանում, և ինքը ուրախ է արձանագրել, որ ժողովրդավարությունն անշրջելի է Հայաստանում։ Վարչապետը ուրախություն հայտնեց, որ Գերմանիան և Եվրամիությունը պատրաստ են իրենց աջակցությունը ցուցաբերել Հայաստանին՝ ժողովրդավարական բարեփոխումներին։
«Եվ շատ կարևոր է ընդգծել, որ Եվրամիության մեր գործընկերները և առավել ևս Գերմանիան բարեփոխումների օրակարգի համատեքստում մեր առաջ չի դնում և չի դրել աշխարհաքաղաքական ընտրության խնդիր, ինչը նշանակում է, որ մեր բարեփոխումների օրակարգը իսկապես կարող է լիարժեք իրագործվել նաև Եվրամիության և հատկապես Գերմանիայի աջակցությամբ»,- ասաց Փաշինյանը։