Արտակ Զեյնալյանը` Կոռուպցիայի ընկալման համաթվի Հայաստանի ցուցանիշների մասին
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Կոռուպցիայի ընկալման համաթվի 2018 թ. արդյունքներին, մասնավորապես` Հայաստանի ցուցանիշին:
«Հունվարի 29-ին հրապարակվեցին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2018 թվականի արդյունքները:
Արդյունքներով արձանագրվել է, որ Հայաստանը 35 միավորով ևս 8 երկրների հետ զբաղեցնում է 105-113-րդ հորիզոնականները՝ նախորդ տարվա 107-110 հորիզոնականների փոխարեն: Ընդ որում, Հայաստանի միավորը 2017 թվականի համեմատությամբ չի փոփոխվել:
Ընդհանուր առմամբ, համաթվի սանդղակում ընդգրկված երկրներում կոռուպցիայի ընկալման առումով նկատվում է հետընթաց:
Օրինակ՝ տարածաշրջանում լավագույն արդյունքը գրանցել է Վրաստանը (58 միավոր-41-44 հորիզոնականներ), մինչդեռ Ադրբեջանն արձանագրել է զգալի անկում՝ կորցնելով 6 միավոր` նախորդ՝ 122-129-րդ հորիզոնականներից տեղափոխվելով 152-156-րդ հորիզոնականներ: Տարածաշրջանում արդյունքների վատթարացում են գրանցել նաև Ռուսաստանը, Ղազախստանը, Կոսովոն, Սերբիան, Մոնտենեգրոն:
Ի դեպ, սա էլ ասեմ, որ Հայաստանի ԿԸՀ-ի միավորը կազմվում է 6 միջազգային կազմակերպությունների հետազոտությունների տվյալների համադրության արդյունքում, և դրանցից 5-ը կատարվել են մինչև 2018թ թավշյա հեղափոխությունը, ինչն ինքնին ազդեցություն է ունեցել արդյունքի վրա:
Զեկույցում հատուկ անդրադարձ է կատարվում նաև այն հանգամանքին, որ տարածաշրջանային երկրների քաղաքական ներդրումների ընդհանուր պատկերի համատեքստում միայն Հայաստանում է նկատվում դրական միտում՝ նոր կառավարության ձևավորման լույսի ներքո»,- գրել է նա: