Միանում եմ «Քառյակ Մեդիային»՝ նոր թիմով կառուցելու ենք նոր ռադիոկայան. Լիլիթ Թումանյան
Թույլ տվեք տեղեկացնել, որ ավարտում եմ իմ՝ Հանրային ռադիոյում ստեղծագործական գծով փոխտնօրենի պարտականությունների կատարումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հանրային ռադիոյում ստեղծագործական գծով փոխտնօրեն Լիլիթ Թումանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Շնորհակալ եմ բոլոր գործընկերներին համատեղ աշխատանաքի համար, մենք միասին ահռելի ծավալի գործ ենք արել, Հանրային ռադիոն դարձնելով հասարակության համար էլ ավելի նշանակալի կառույց:
Բարձր եմ գնահատում ողջ անձնակազմի աշխատանքը, նվիրվածությունը ռադիոյին, եւ ավելին անելու պատրաստակամությունն ու ձգտումը: Հավատում եմ, որ արդեն իսկ հաստատված բարձր նշաձողը ապագայում կմնա անսասան:
Ինձ սպասում են նոր մարտահրավերներ. միանում եմ «Քառյակ Մեդիային», նոր թիմով կառուցելու ենք նոր ռադիոկայան, եւ շուտով կհանդիպենք նոր ձեւաչափով»:
Ավելի վաղ հայտնել էր, որ ԱԺ նախկին պատգամավորներ, ՀՀԿ-ական Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը հիմնադրել են «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն, որոնք հանդես են գալիս համապատասխանաբար «Թերթ.am», «Արմնյուզ», «Լավ Ռադիո» ապրանքանիշերի ներքո: