Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը խոստացավ` Կենդանաբանական այգում առկա խնդիրներն ուսումնասիրվելու են
«Ի պաշտպանություն Երևանի կենդանաբանական այգու» նախաձեռնության անդամներն այսօր հերթական բողոքի ակցիան են իրականացրել: Նրանց պահանջները նույնն են` պահանջում են կասեցնել տնօրենի լիազորությունները, հայտարարել մրցույթ, կազմել խորհուրդ, որում կլինեն Երևանի քաղաքապետարանի և գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները, որոնք էլ կընտրեն նոր տնօրենին: Նրանք նշում են, որ գործող տնօրեն Ռուբեն Խաչատրյանը վատ է կառավարում:
Նախաձեռնության անդամների հետ հանդիպեց Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնատար Գոշ Սարգսյանը: Վերջինս լսեց նախաձեռնության անդամների պահանջները, ասաց, որ ամեն ինչ մանրամասն ուսումնասիրվելու է, չի լինելու հարց, որն առանց պատասխան մնա:
«Մենք չենք պաշտպանում որևէ մեկի շահը, մեզ համար գերակա է Երևանի կենդանաբանական այգու շահը, ուղղակի ժամանակ է անհրաժեշտ»,- ասաց Սարգսյանը` նշելով, որ ստուգումները վերջացրել են, հիմա արդեն եզրակացություն են գրում: