ԱԺ–ն կծանոթանա ՀՀ դեսպանների աշխարհայացքին` մինչև դիվանագիտական աշխատանքի մեկնելը. ԼՀԿ-ի նախագիծը
Հունվարի 30-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը նոր հոդվածով լրացնելու
առաջարկությամբ։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։
Նախագծով նախատեսվում է`
1) օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում
հավատարմագրված՝ Հայաստանի Հանրապետության դեսպանների և/կամ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, մինչև նրանց նշանակվելը, կազմակերպում է հանդիպում հանձնաժողովի անդամների հետ,
2) իր գործունեության ոլորտներին վերաբերող հարցերով օտարերկրյա
պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված
դեսպանների և/կամ դիվանագիտական ներկայացուցչութունների ղեկավարների հետ
կազմակերպում է համատեղ հանդիպումներ:
Այսպիսով, առաջարկի ընդունմամբ, նոր Հայաստանի խորհրդարանը հնարավորություն կունենա ծանոթանալ աշխարհի տարբեր երկրներում իրենց առաքելությունն իրականացնող դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին, նրանց պատկերացումներին, աշխարհայացքին և աշխատանքային առաջնահերթություններին մինչև դիվանագիտական աշխատանքի մեկնելը։
Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող Հայաստանում սա չափազանց
կարևոր գործիք կդառնա՝ որակական նոր մակարդակի բարձրացնելու Հայաստանի
դիվանագիտական աշխատանքը, բացառելու անցյալի արատավոր քաղաքական
նշանակումները՝ հօգուտ պրոֆեսիոնալ և հմուտ դիվանագետների։