Արարատ Միրզոյանը Հայաստանում Ղազախստանի նոր դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է առևտրատնտեսական կապերի ընդլայնումը
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:
Ողջունելով հյուրին` խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ հայ-ղազախական
հարաբերությունները խարսխված են բարեկամության ու փոխվստահության ամուր
հիմքերի վրա: Կարևորելով երկու երկրների միջև հարաբերությունների ներկա
մակարդակը` Արարատ Միրզոյանն այս հարցում նշել է, որ մեծ է անձամբ դեսպանի
ավանդը: Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ նորընտիր խորհրդարանի
առաջիկայում ձևավորվելիք բարեկամական խումբն իր գործունեությամբ նոր շունչ
կհաղորդի երկկողմ հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը,
ինչի համար առկա են բոլոր նախադրյալները:
Անդրադառնալով միջխորհրդարանական կապերի ակտիվացմանն ու խորհրդարանական
դիվանագիտության դերի բարձրացմանը` օրենսդիր մարմնի ղեկավարն անհրաժեշտ է
համարել երկու երկրների պատգամավորների միջև արդյունավետ փոխգործակցությունը նաև բազմակողմ խորհրդարանական ձևաչափերում: Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:
Դեսպանը վստահեցրել է, որ Ղազախստանը շահագրգռված է խորացնելու Հայաստանի հետ արդյունավետ փոխգործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, այդ թվում` Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում: Թիմուր
Ուրազաևը բարձր է գնահատել խորհրդարանականների ներդրումը միջպետական
հարաբերությունների զարգացման գործընթացում:
Քննարկելով երկկողմ համագործակցության բազմոլորտ օրակարգը` զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական կապերի ընդլայնումը` փաստելով, որ առկա է հայ-ղազախական փոխգործակցության խորացման դեռևս չիրացված մեծ ներուժ: