Բոլթոնի հետ մեր հեռախոսային խոսակցության ընթացքում ԼՂ հարցը չի քննարկվել, «Ղարաբաղ» կամ «Արցախ» անունը չի շոշափվել. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 30-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում զարգացումներին, նա
կրկին ընդգծեց՝ այն, ինչի մասին ասում է և ասել է հրապարակային, այն է՝ բացառված է, որ լինի տեղեկատվություն և դրա վերաբերյալ հանրությունը տեղյակչլինի:
«Բոլթոնի հետ մեր հեռախոսային խոսակցության ընթացքում Լեռնային Ղարաբաղի հարց չի քննարկվել, «Ղարաբաղ» կամ «Արցախ» անունը չի շոշափվել. Հայաստանը շոշափվել է, Ադրբեջան՝ չէ: Ալիևի հետ հանդիպումները բանակցություններ չեն, ոչ պաշտոնական շփումներ են, որոնց ընթացքում ուղղակի տեղի է ունենում մտքերի փոխանակություն»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ կարող են իր գրառումը կարդալ, դրան գումարել Բոլթոնի թվիթերյան գրառումը:
«Ճիշտ հասկացեք, կոռեկտ չէ, որ ասեմ՝ ինքը էսպես ասեց, ես էսպես ասացի … Տեղեկատվությունն ամբողջությամբ փոխանցված է»,- ասաց նա:
Բանակցությունները սկսելու հարցը, ըստ վարչապետի, գտնվում է ԱԳ նախարարների քննարկման օրակարգում:
«Մենք պարոն Ալիևի հետ ասել ենք, որ մեր ԱԳ նախարարներն են այդ թեմայով աշխատում, իրենք համանախագահների հետ համատեղ կաշխատեն, մեզ
ռեկոմենդացիա կներկայացնեն, մենք կորոշենք, թե ինչպես վարվել»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե այս օրերին կրկին «տարածքներ խաղաղության դիմաց» թեզն է շրջանառվում, նա արձագանքեց.
«Մենք չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը: Մեր կառավարությունը ԼՂ հարցում վարում է մի քաղաքականություն, որ նախկինում ոչ մի կառավարություն չի վարել, զուգահեռ տանել և ընդհանրություն գտնել նախկինում տարված քաղաքական ուղեգծի հետ, մոլորություն է»: