Ամեն ինչ արվել է, որ անձը դադարեցնի հացադուլը. պարզաբանում ԱՆ քրեակատարողական ծառայությունից
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Հայկ Քոչինյանը ներկայացրել է, թե քրեակատարողական հիմնարկներում հացադուլ հայտարարած կալանավորների համար ինչպիսի պայմաններ են ու ընթացակարգեր են նախատեսված:
Անդրադառնալով 44 օր հացադուլի մեջ գտնված և հացադուլից դուրս գալուց հետո մահացած Մհեր Եղիազարյանի դեպքին, Քոչինյանը նշեց, որ հացադուլի մեջ գտնված ողջ ժամանակի ընթացքում բոլոր նորմերը իրականացվել են: Եղիազարյանին տեղափոխել են հացադուլավորների համար նախատեսված խուց, պարբերաբար կալանավորին բժիշկը այցելել է, ստուգումներ իրականացրել են, ինչպես նաև զգուշացրել են հացադուլի անդառնալի հետևանքների մասին:
«Մեր վարչակազմի գործողությունները նման դեպքերում սահմանափակվում են միայն համոզելու շրջանակներում: Վարչակազմը կամ հոգեբանը փորձում է անձին ներկայացնել հացադուլի վատթարագույն հետևանքները և աշխատում է նրան համոզելու միջոցով հետ պահել այդ մտքից: Բացի հոգեբանից, Մհեր Եղիազարյանին այցելել է նաև իրավաբանը: Այս պարագայում ամեն ինչ արվել է, որ անձը դադարեցնի հացադուլը»,- ասել է Հայկ Քոչինյանը: