Քրեակատարողական հիմնարկներում պատշաճ բուժօգնություն չի տրամադրվում. փաստաբան
«Այսօր ստացվում է, որ դատական համակարգում ընտրովի և սելեկտիվ արդարադատության հետևանքով այդ անձը 44 օր հացադուլի մեջ գտնվելուց հետո դուրս է եկել և նրա օրգանիզմը չի դիմացել: Անձը մահացել է սրտի կաթվածից: Ցավալին այն է, որ սա հերթական ապտակն է դատական իշխանությանը»,- անդրադառնալով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 44 օր հացադուլի մեջ գտնվող Մհեր Եղիազարյանի մահվանը՝ ասել է Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արա Ղարագյոզյանը:
Փաստաբանը նշում է, որ այսկերպ ընտրովի արդրադատություն է իրականացվում ու ստեղծվել են պայմաններ, երբ նախկին իշխանության ներկայացուցիչները կարող են մեծ գրավի դիմաց ազատվել, իսկ բազմաթիվ մարդկանց նկատմամբ կիրառվում են անարդար դատական ակտեր:
«Մամուլից տեղեկացել եմ, որ այն օրը, երբ Մհեր Եղիազարյանը հացադուլից դուրս է եկել, ՔԿՀ-ում բժիշկ չի եղել օգնություն ցուցաբերելու համար»,- ասել է Արա Ղարագյոզյանը:
Փաստաբանը շեշտում է, որ շատ հաճախ անդառնալի հետևանքներ են լինում,
քանի որ ՔԿՀ-ներում պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերում: Քրեակատարողական հիմնարկներում ցածր աշխատավարձի պատճառով շատ քիչ բուժաշխատողներ են ցանկանում աշխատել: