Կալիֆոռնիայում հայկական վարժարանի սաները յուրահատուկ ձևով են պատասխանել հաստատության վրա թուրքական դրոշների փակցման սկանդալային դեպքին. (լուսանկար)
Կալիֆոռնիայի հարավում գտնվող «Սրբոց Նահատակաց Ֆերահյան ազգային վարժարան»-ի սաները յուրահատուկ ձևով են պատասխանել անհայտ անձի կողմից կրթական հաստատության նկատմամբ կատարված վանդալիզմի ակտին, մասնավորապես՝ թուրքական դրոշների փակցման սկանդալային դեպքին:
Ինչպես նշում է Asbarez-ը, դրան ի պատասխան վարժարանի սաները շենքի տարբեր մասերում, ինչպես նաև դարպասներին փակցրել են հայկական եռագույնը:
Աղբյուրը մանրամասնում է, որ անվտանգության տեսախցիկների արձանագրած կադրերում երևում է, որ լուսադեմին՝ ժամը 4-ին, դիմակավորված անձը մոտեցել է «Սրբոց Նահատակաց Ֆերահյան ազգային վարժարան»-ին ու սկսել թուրքական դրոշներ կախել:
Նույնպիսի դեպք է տեղի ունեցել նաև ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանում: Այժմ ոստիկանությունը երկու դեպքն էլ հետաքննում է:
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր հայկական մասնավոր դպրոցների նկատմամբ կատարված վանդալիզմի ակտին:
«Այս դպրոցներ են հաճախում Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղածների բազմաթիվ ժառանգներ: Ատելության դրսևորման դատապարտման հարցում ես կանգնած եմ հայ համայնքի կողքին»,- գրել էր Շիֆը:
Թուրքական դրոշների հետ կապված միջադեպին էր անդրադարձել նաև մեկ այլ ազդեցիկ կոնգրեսական՝ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը:
Նա դիմել էր Հետաքննությունների դաշնային բյուրոյին՝ կոչ անելով հետաքննություն սկսել ատելության դրսևորման դեպքի առնչությամբ: Կոնգրեսականը դաշնային իշխանություններին կոչ էր արել օրենքի ամբողջ խստությամբ պատժել մեղավորներին:
Մինչդեռ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը (ANCA) իր երախտագիտությունն էր հայտնել կոնգրեսականներ Շիֆին ու Շերմանին՝ միանալով պատշաճ հետաքննություն անցկացնելու կոչին: