Եվրոպական հանձնաժողովը դրական է տրամադրված Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում
Ինչպես հայտնի է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի գլխավորած պատվիրակությանը:
Մինչ այդ, Յոհաննես Հանն այսօր հանդիպել է նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Պաշտոնյաները քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը, փոխգործակցության ընդլայնմանն ուղղված տարբեր հարցեր: Անդրադարձ է կատարվել Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կյանքի կոչմանը միտված հետագա քայլերին:
«Հայաստանում տեղի ունեցած արտահերթ ընտրություններից հետո ես առաջին անգամ եմ այստեղ: Շնորհավորում եմ հաջողված ընտրություն անցկացնելու առիթով: Դա Հայաստանի վերջին շրջանի պատմության մեջ յուրահատուկ ընտրություն էր, և միջազգային հանրությունը դա ընկալեց որպես արդար և թափանցիկ:
Եվրոպական հանձնաժողովը դրական է տրամադրված Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում: Մենք նախատեսել ենք հարցը քննարկել կազմակերպության անդամ երկրների հետ, և մինչև Եվրախորհրդարանի ընտրությունը դժվար թե այս հարցում առաջընթաց լինի, սակայն շեշտեմ, որ Եվրահանձնաժողովը դրական է տրամադրված», – ասուլիսի ժամանակ ասել է Յոհաննես Հանը: