Այսօր բանակում սննդի սիստեմատիկ խնդիրներ չկան. Արծրուն Հովհաննիսյան
Հայաստանի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի facebook-յան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին:
ՊՆ մամուլի խոսնակը անդրադարձել է պաշտպանության բանակի ավտոպարկը նորացնելու հարցին.
«Զինված ուժերը ունեն չափազանց մեծ քանակի ավտոտեխնիկա և այն մինչև վերջին հատիկը նորացնելու հնարավորություն մենք, ցավոք, չունենք: Մենք տարեկան ստանում ենք մոտ 1000-1200 նոր մեքենա, արդեն 3-4 տարի է` ստանում ենք, սակայն չենք կարողանում հասնել իդեալական ցուցանիշի»:
Անդրադառնալով վառելիքի խնդրին՝ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ վառելիքի որակի հետ կապված գուցե հարցեր կան, սակայն դրա լիարժեք բացակայությունը, իհարկ,ե չկա:
Քննարկելով մեդիադաշտում հայ-ադրբեջանական տեղեկատվական «բախումները»՝ Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակը նշել է.
«Ես չեմ հերքի, որ մենք մեդիատիրույթում ունենք ակտիվության խնդիր, ես ամպագորգոռ բաներ չեմ խոստանա, սակայն կասեմ, որ կտեսնեք առաջիկայում ավելի համակարգված աշխատանք»:
Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ իր կարծիքով, այսօր բանակում սննդի սիստեմատիկ խնդիրներ չկան, իսկ նոր տարուց հետո փոփոխություններ և ճաշացանկի հարստացումներ են տեղի ունենում: