Այդքան ընկեր ենք կորցրել, ես ինչպե՞ս կարող եմ ասել՝ համաձայն եմ տարածքների զիջմանը. Կոմանդոս
Ինչպե՞ս կարող է կոռուպցիա չլինել, ո՞ր երկրում, ո՞ր բանակում չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ազգային հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)՝ ի պատասխան հարցին, թե արդյոք բանակում կոռուպցիա կա, թե ոչ:
«Ես չեմ կարող ասել, թե կոնկրետ կա, թե չկա, բայց կոռուպցիան նորմալ երևույթ է, ամեն երկրում էլ կա: Քանդելու հիմք մենք չունենք, մենք չենք հասկանում, մենք կոռուպցիոներին դնում ենք ղեկավարության, ինչ է՝ իրենք քանդե՞ն, ես չեմ կարող ասել վատացել, թե լավացել է վիճակը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է՝ համաձայն է զիջմանը և շրջանառվող «տարածքներ` խաղաղության դիմաց» թեզին, Կոմանդոսն ասաց. «Մինչև փաստաթուղթը չիմանաս, իրավունք չունես այդ մասին խոսես: Մենք այդքան ընկեր ենք կորցրել, ես ո՞նց կարող եմ ասել՝ հա, համաձա՞յն եմ, բայց մենք, կարծես թե, շախմատի վրա ֆիգուրներ ենք, թե ինչ ենք»,-ասաց նա: