Նման բան Ռուսաստանում չես տեսնի. Լապշինին հիացրել է Շավարշ Քոչարյանի պարզությունը
Հայտնի ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը Հայաստանում է, Հայաստանի ձմեռային հանգստավայրերից մեկում` Ծաղկաձորում, պատահաբար հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին: Հանդիպումը տպավորել է բլոգերին, նա ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.
«Շատ կիրթ և խելացի անձնավորություն է: Մեզ` ռուսներիս, անհավանական է թվում, որ նախարարներին ու նախագահներին հեշտությամբ կարելի է հանդիպել ռեստորանում կամ որևէ բաց միջոցառման ժամանակ: Ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները չեն արգելափակում քաղաքի փողոցները, իսկ թիկնապահների խմբերը օղակ չեն կազմում և չեն շրջապատում: Դուք կարող եք մարդուն հանդիպել սրճարանում, մոտենալ և ողջունել»:
Լապշինը նաև հավելել է, որ տեղյակ չէր՝ ով է զրուցակիցը և նրան պատմել է Հարավային Կովկասում առկա խնդիրների մասին, իսկ Քոչարյանն այդ ամենին ի պատասխան՝ պարզապես սիրալիր ժպտում էր: Դրանից հետո նրանց է մոտեցել մեկ այլ բարձրաստիճան հայ պաշտոնյա, որը Լապշինին ու Քոչարյանին ծանոթացրել է միմյանց հետ: