Ովքե՞ր են անձնական երաշխավորություն ներկայացրել Մայրապետյանի համար
Կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել հայտնի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը և Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, Գարեգին Բ վեհափառ հայրապետի մամուլի խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Այս մասին ասաց Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը:
Յուրաքանչյուրի կողմից 15 մլն-ական դրամ վճարելուց հետո Մայրապետյանին թույլ են տվել մեկնել երկրից:
Տեր Վահրամ քահանա Մելիքյանը նշեց, որ երկար տարիներ է` մտերիմ հարաբերություններ ունի Մայրապետյանի հետ:
«Մշտապես գնահատել եմ իր տեսակը և այն ծառայությունները, որ նա մատուցել է մեր հայրենիքին և եկեղեցուն»,-ասաց նա` հավելելով, որ Մայրապետյանը մշտապես բարեգործություններ է արել և օգնություն ցուցաբերել իրեն դիմող անձանց:
Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երեկ՝ հունվարի 24–ին բավարարել է գործարար Սամվել Մայրապետյանի պաշտպանի միջնորդությունը և թույլատրել գործարարին դուրս գալ երկրից։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունվարի 17-ին 39-րդ կանոնի համաձայն որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝ այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ: Բացի այդ ՄԻԵԴ–ն առաջնահերթություն է տվել Մայրապետյանի գործին 41-րդ Կանոնի համաձայն և պահանջել փաստաբաններից ամբողջական բողոքը ուղարկել շատ ավելի արագ, քան նախկինում պահանջվում էր, ՀՀ գլխավոր դատախազությունը մարդու կյանքին և առողջությանը սպառնացող իրավիճակը ժամ առաջ լուծելու փոխարեն ժամանակ է վատնում նման կարգի՝ իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու վրա:
Մայրապետյանը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ: