Վենեսուելայի և Հայաստանի իրադարձությունների միջև ոչ մի զուգորդություն չկա և չի կարող լինել. Փաշինյան
Վենեսուելայի և Հայաստանի իրադարձությունների միջև ոչ մի զուգորդություն չկա և չի կարող լինել: Մոսկվայում՝ ԵՏՄ նիստից հետո, ճեպազրույցում այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ իրավիճակների միջև տարբերությունը նախ և առաջ այն է, որ ի տարբերություն Վենեսուելայի Հայաստանում բախումներ և զոհեր չեն եղել:
Երկրորդ՝ Հայաստանում գործընթացը 100 տոկոսով համապատասխանում էր բոլոր իրավական ընթացակարգերին և երկրի Սահմանադրությանը:
«Վենեսուելայի դեպքում հասկանալի չէ, թե որքանով է այդ ամենը համապատասխանում այդ երկրի Սահմանադրությանը: Նախնական տպավորությամբ՝ այնպիսի զգացողություն է, որ այնտեղ ամեն ինչ չէ, որ Սահմանադրության համաձայն է կատարվում», -ասել է Փաշինյանը:
«Հայաստանն այս կապակցությամբ դեռ հայտարարությամբ հանդես չի եկել, մենք հետևում ենք իրավիճակին: Ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի Վենեսուելայի ժողովրդի համար», - ասել է նա: