ՃՈ շարքերը համալրելու համար դիմորդները քննություն են հանձնում
Ճանապարհային ոստիկանությունը տարեվերջին հայտարարություն էր տարածել ճանապարհապարեկային ծառայության միջին խմբի պաշտոններում թափուր տեղերում աշխատանքի անցնելու վերաբերյալ: 60-ից ավելի դիմորդ այս երկու օրերին ներկայացել է ոստիկանություն: Ստուգվել է նրանց ճանապարհային երթևեկության կանոնների իմացությունը:
Հաջորդ փուլով կստուգվեն նաև բարձր արդյունք ցուցաբերած դիմորդների ընդհանուր գիտելիքները, և լավագույնները կանցնեն աշխատանքի ճանապարհային ոստիկանությունում: Քննական ողջ գործընթացի թափանցիկությունն ապահովելու համար, նկարահանվում է ամբողջ գործընթացը:
«Ոստիկանության պետի հանձնարարությունն ունենք, որ պետք է որպես առավելություն դիտվի օտար լեզուների իմացությունը: Բացի դրանից՝ ՃՈ աշխատակիցները տարվա մեջ մեկ անգամ Ոստիկանության ակադեմիայում անգլերեն լեզվի և մասնագիտական վերապատրաստում են անցնում»,- ասաց ՃՈ պետ Եգոր Կարապետյանը:
Քննություններին հնարավորություն են ստանում մասնակցել մինչև 30 տարեկան, պարտադիր զինվորական ծառայություն անցած, 170 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող և ֆիզիկապես առողջ արական սեռի այն անձինք, ովքեր ունեն համապատասխան բարձրագույն կրթություն՝ «Իրավագիտություն», «Տրանսպորտային մեքենաշինություն», «Տրանսպորտային համակարգեր», «Գյուղատնտեսական արտադրության մեքենայացում», «Մեքենաներ և սարքավորումներ», «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում», «Տրանսպորտային ուղիների, միջոցների, շինարարություն, կառավարում և դրանց շահագործում» մասնագիտություններով:
ՃՈ-ում աշխատանքի ընդունելու այս մեթոդը սկսել են կիրառել անցած տարվանից: Նման կերպով ՃՈ-ի շարքերը համալրել են արդեն մեծ թվով աշխատակիցներ: