ԱԳՆ-ում քննարկվում է Չինաստանի հետ առանց վիզայի ռեժիմ հաստատելու հարցը. Զոհրաբ Մնացականյան
Հայաստանի ԱԳ նախարարությունում քննարկվում է Չինաստանի հետ սովորական անձնագրերով, առանց արտոնագրերի փոխադարձ այցելությունների ռեժիմ սահմանելու հարցը։ Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Չինական կողմը ներկայացրել է մեզ միջազգային պայմանագրի նախագիծ, որի կնքման հարցը դիտարկվում է համապարփակ և հաշվի են առնվում միգրացիոն հոսքերը, ռիսկերը կարգավորող և այլ միջազգային պայամանագրերի համատեքստը։ Ուսումնասիրում ենք նաեւ այլ պետությունների պրակտիկան»,- ասաց նա:
Մնացականյանը նշեց, որ բոլոր գործընթացները կատարելուց հետո համապատասխան առաջարկություն կներկայացվի վարչապետին ու կառավարությանը. «Դեռևս պետք է անցնենք մի քանի փուլ, որը պետք է վերաբերի մեր ներքին քննարկմանը»: